Ապրիլի 20-ից 24-ը Նյու Յորքում ընթացել է Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումը, որը համախմբել է անդամ պետությունների բարձր մակարդակի ներկայացուցիչների, միջազգային ֆինանսական հաստատությունների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու գլոբալ ֆինանսավորման շրջանակի, միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների, պարտքի կայունությանը, միջազգային առևտրի, ինչպես նաև մասնավոր հատվածի և ֆինանսավորման դերակատարության վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«Ֆորումն ընդգրկեց նաև բարձր մակարդակի հատուկ հանդիպումներ Բրետոն-Վուդսյան հաստատությունների, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հետ։
Ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնում, նախագահել է ֆորումի մի շարք նիստեր, այդ թվում՝ Գլոբալ տնտեսական շրջանակի, Միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների և Մասնավոր և պետական ֆինանսավորման վերաբերյալ նիստերը, ինչպես նաև բանախոսությամբ է հանդես եկել ներդրումների վերաբերյալ օրակարգային կետի քննարկմանը։ Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է նաև մարտի 30-ին կայացած
Վարկավորման վարկանիշների վերաբերյակ ՄԱԿ տնտսոցխորհի հատուկ հանդիպման արդյուքները՝ որպես հանդիպման նախագահող, որը հանդիսանում է Սևիլիայի համաձայնության հանձնառություններից մեկը։
Ֆորումի շրջանակներում ընդհանուր քննարկմանը, զարգացման ֆինանսավորման հիմնական տենդենցների և ազգային և միջազգային մասնավոր բիզնես և ֆինանսներ օրակարգային կետերի ներքո ելույթներով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը։ Նախարարի տեղակալ Մկրտչյանը, որպես բանախոս, ելույթով հանդես եկավ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հետ ղեկավար կոմիտեների հետ հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։