Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 և Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցներում:
Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների, կրթության կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և նորարարությամբ զբաղվող փորձագետների համար՝ կրթության մեջ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ ուսուցչական աշխատաժողովը մանկավարժական փորձը կիսելու, տարածելու, խնդիրները վերհանելու և լուծման ուղիները միասին գտնելու լավագույն հարթակներից է. «Հաշվի առնելով տեխնոլոգիաների առկայությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ չենք կարող դրանք շրջանցել նաև դպրոցներում ուսուցումը կազմակերպելիս՝ սովորելու և սովորեցնելու գործընթացում։ Աշակերտների համար դասապրոցեսը հետաքրքրական դարձնելու համար պետք է լինել առավելապես նորարար, ուստի կարևոր հարցերից է՝ դպրոցներում տեխնոլոգիական ուղղությամբ ինչպիսի կրթություն պետք է ապահովել, որպեսզի երեխաները միաժամանակ լինեն և՛ մրցունակ, և՛ պաշտպանված: Տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են շատ լուծումներ՝ հեշտացնելով գործընթացները, բայց դրանք միաժամանակ պարունակում են կիբերանվտանգության, կախվածության, ինքնուրույն մտածողության հետ կապված ռիսկեր: Ուրախ եմ, որ այսօրվա քննարկումները, մտքերի փոխանակումները մեկ քայլ առաջ կմղեն այս թեմայով խնդիրների լուծումները»:
Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին կատարած ամենօրյա աշխատանքի, ցուցաբերած հետաքրքրության, մասնագիտական զարգացմանը միտված միջոցառումներին մասնակցության համար:
Ուսուցչական համաժողովում քննարկվել են կրթական գործընթացում թվային գործիքների, արհեստական բանականության, առցանց հարթակների և այլ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ուսուցման որակի բարձրացման և սովորողների ներգրավվածության խթանման նպատակով։ Ներկայացվել են դպրոցներում կիրառվող նորարարական կրթական մեթոդներ և տեխնոլոգիական լուծումներ՝ նպաստելով ուսուցման գործընթացի արդիականացմանը և ստեղծագործական մոտեցումների տարածմանը։
Համաժողովի շրջանակում քննարկվող թեմաների հիմնական ուղղություններն են․
-
«Ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրեր»
-
«Դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթություն»
-
«ԱԲ կիրառումը դասավանդելու և սովորելու գործընթացում»
-
«Տեխնոլոգիաների կիրառման ռիսկեր, էթիկական խնդիրներ»
-
«Կիբերանվտանգություն և թվային գրագիտություն»
Ուսուցչական համաժողովի մարզային փուլին ներկայացվել և քննարկվել են 1000 և ավելի զեկույցներ՝ ուսուցիչների և կրթության ոլորտի պատասխանատուների կողմից։
Նշենք, որ աշխատաժողովի մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որը նախատեսվում է անցկացնել մայիս ամսին:
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև շրջել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում, որը հիմնանորոգվել է «300 դպրոց» ծրագրով։ Նա ծանոթացել է դպրոցի լաբորատոր պայմաններին, գույքային հագեցվածությանը, գրադարանային միջավայրին, ինչպես նաև զրուցել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ ու առաջիկայում կայանալիք քննությունների նախապատրաստական աշխատանքներով:
Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանը ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի մասնակիցներից է․ Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում նա զբաղեցրել է 2-րդ տեղը: Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը Հասմիկը պատմել է մրցույթի մասին։
Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը հետևել է 11-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքների պաշտպանությանը՝ նվիրված բիզնես ոլորտին, ճարտարապետությանը, բժշկությանը և այլն: