ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը։
Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 20-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում J-PAL հետազոտական կենտրոնի հետ համատեղ անցկացվող աշխատաժողովին՝ նվիրված հանրային քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառմանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ զարգացնելու առավելապես հետազոտությունների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեղինակավոր J-PAL հետազոտական կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը՝ այն դիտարկելով որպես կարևոր հարթակ՝ միջազգային լավագույն փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
Նախարարը հատուկ շեշտել է կրթության և գիտության ոլորտների առանցքային դերը՝ հանրային քաղաքականությունների որակի բարձրացման և հանրային զարգացման ապահովման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում փորձարարական հետազոտությունների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև համապատասխան ինստիտուցիոնալ և հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային հաջող փորձը, այդ թվում՝ Ֆրանսիայում իրականացվող IDEE (Innovation, Data and Experiments in Education) մոդելը։
J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը: Նա ներկայացրել է՝ J-PAL-ը (The Abdul Latif Jameel Poverty Action Lab) գիտահետազոտական կենտրոնի գործունեությունն ուղղված է աղքատության նվազեցմանը, հանրային քաղաքականությունների արդյունավետության բարձրացմանը:Նրա խոսքով՝ կենտրոնը միավորում է ավելի քան 1100 գիտնականների ամբողջ աշխարհից և խթանում է ապացույցահեն քաղաքականությունների մշակումը։
Կիլիան Նոլանի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կրթական տարբեր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ համաձայն ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի: Նախարարը նշել է, որ արդեն իսկ իրականացվել են բարեփոխումների գնահատումներ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը․ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը համագործակցում է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) հետ, այդ թվում՝ հետազոտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որի շրջանակում սահմանված են հավակնոտ թիրախներ: Նշվել է՝ պետությունն արդեն նախաձեռնել է գիտահետազոտական ոլորտի խոշոր ծրագրեր, այդ թվում՝ նոր լաբորատորիաների ստեղծում՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: