Լիբանանը չի կարող ստորագրել որևէ համաձայնագիր, որը չի ներառում իսրայելական ուժերի լիակատար դուրսբերում երկրի տարածքից։ Այս մասին Washington Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը։ Նա նշել է, որ լիբանանցիները չեն կարող համակերպվել իսրայելական ներկայության և, այսպես կոչված, բուֆերային գոտու հետ, ուր տեղահանվածներին թույլ չի տրվում վերադառնալ։
Վարչապետը նշել է, որ Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների է մասնակցում, քանի որ վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է իր լծակներով ազդել Իսրայելի վրա:
Չնայած հայտարարված տասնօրյա հրադադարին՝ կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելի հարձակումից Լիբանանի հարավում կին լրագրող է զոհվել, նրա գործընկերը վիրավորվել է: Լիբանանի վարչապետը լրագրողների թիրախավորումը և նրանց մոտ փրկարար խմբերի մուտքը խոչընդոտելը որակել է պատերազմական հանցագործություն: