Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում, Կենտրոնական Ասիայի երկրների նախաձեռնությամբ իրականացվող «Բնության հետ ներդաշնակություն՝ հանուն տարածաշրջանի կայուն զարգացման» նախաձեռնության ներքո, տեղի է ունեցել համատեղ ասուլիս, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջնահերթությունները։
Իր խոսքում Արա Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է COP17-ի կազմակերպումն իրականացնել թափանցիկության, ներառականության և բարձր հավակնությունների սկզբունքներով՝ նպատակ ունենալով ապահովել շոշափելի արդյունքներ բնության պահպանության և կայուն զարգացման ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը մասնակցել է Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված հանդիպումներին, որտեղ ձևավորվել են COP17-ի նախագահության առաջնահերթությունները և նախանշվել կազմակերպչական հիմնական ուղղությունները։
Անդրադառնալով ներպետական գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ արձանագրվել է զգալի առաջընթաց օրենսդրական ոլորտում․ մասնավորապես՝ Ազգային ժողովը վավերացրել է Նագոյայի արձանագրությունը, ինչպես նաև հաստատել է Մեծ կատվազգիների պահպանության միջազգային կոալիցիային միանալու շրջանակային համաձայնագիրը։
Արա Մկրտչյանը նաև ներկայացրել է առաջիկա կարևոր միջոցառումները՝ նշելով, որ COP17-ին կհաջորդի Բնության առաջնորդների գագաթնաժողովը (հոկտեմբերի 16), որը կանցկացվի «Առաջնորդներ հանուն բնության» խորագրով և կհամախմբի պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտական համայնքի, ինչպես նաև տեղական և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների։
Նրա խոսքով՝ համաժողովի առանցքային բաղադրիչներից մեկը կլինի Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրի իրականացման առաջին գլոբալ գնահատումը, որը հնարավորություն կտա վերլուծել արձանագրված առաջընթացը, բացահայտել բացերը և հստակեցնել հետագա գործողությունները մինչև 2030 թվականը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆինանսական մեխանիզմների արդյունավետ գործարկումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանության գործընթացի առանցքային գործընկերներ։
Արա Մկրտչյանն իր ելույթում շեշտադրել է, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, հողերի դեգրադացիան և աղտոտումը փոխկապակցված մարտահրավերներ են, ուստի անհրաժեշտ է համադրված և համակարգված մոտեցում՝ միջազգային համագործակցության և քաղաքականությունների համադրության միջոցով։
Ամփոփելով՝ նախարարի տեղակալը նշել է, որ COP17-ը պետք է դառնա անցումային կարևոր հանգրվան՝ պարտավորություններից դեպի գործնական արդյունքներ, և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ համատեղ նպատակների իրագործման ուղղությամբ։