Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ է խոսվում, ասվում է՝ Ադրբեջանի պահանջներն են դրանք, Թուրքիայի պահանջներն են դրանք: Ես ուրիշ բան եմ ասում, եկեք մենք ինքներս մեզ հարց տանք՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սահմանադրության տեքստը պե՞տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին, թե՞ ոչ:
«ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, ես հստակ արձանագրում եմ և արձանագրել եմ, և նույնիսկ դրա հետ կապված կոչեր եմ անում, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք, մենք Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնենք, այսինքն՝ այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումը առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով:
Հիմա եթե ՀՀ քաղաքացիները կորոշեն այլ կերպ, ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է, եթե ՀՀ քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար, ես՝ որպես ՀՀ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այդ որոշումը կընդունենք ի գիտություն: Քննարկման թեմա չկա: Մենք երբեք, երբե՛ք կասկածի տակ չենք առել և կասկածի տակ չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը: Երբեք և երբեք»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ որպես ՀՀ քաղաքացիների մանդատ ունեցող քաղաքական ուժ պարտավոր են համարում ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը, որը ձևավորվել է վերջին 8 տարվա գործունեության արդյունքում:
«Ընտրություններին պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին»,-ասաց նա:
Փաշինյանը կարծում է՝ սա պատմական հնարավորություն է ոչ միայն ՀՀ-ի համար, այլև պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, և երբ այս առաջարկն արվի, ոչ ոք չի կարող մերժել, քանի որ այն լեգիտիմ թեմա է: Նա նաև կարծիք հայտնեց, թե պետք է փակել նաև Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը, որպեսզի վերջիններս դուրս գան «պանդուխտի» կարգավիճակից և տնավորվեն ՀՀ-ում:
«Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայեցակարգը որդեգրելուց հետո՛ հնարավոր դարձավ խաղաղությունը, հակառակ դեպքում Ղարաբաղյան շարժումը և խաղաղությունը անհամատեղելի են»,-ասաց նա: