Սահմանադրության թեմայով կան քննարկումներ, մասնավորապես այն, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստը պե՞տք է հղում պարունակի ՀՀ Անկախության հռչակագրին: Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը պե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ հիմնավորում ունի դա:
«Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն՝ խաղաղությունը հնարավոր չէ: Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք որդեգրում ենք «Արևմտյան Հայաստանի» խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք «ծովից ծով Հայաստանի» խոսույթը:
Նրբությունը ո՞րն է, որ եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի դադարեցումը, «Արևելյան Թուրքիայի» խոսույթի դադարեցումը և այլն, և այսպես շարունակ: Սա շատ կարևոր նրբություն է»,-ասաց նա: