Առաջարկում եմ 2018-2025 թվականների ցուցանիշները համեմատել 2010-2017 թվականների ցուցանիշների հետ՝ որպես նույն տևողության երկու տարբեր կառավարությունների՝ նախկինների և ներկաների կառավարման ժամանակահատված: Ըստ այդմ՝ հետևություն անել՝ ինչ ընտրության առջև ենք կանգնած լինելու գալիք խորհրդարանական ընտրություններին:
Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին՝ Կառավարության՝ 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև իշխող ուժի կառավարման տարիներին բաժին ընկած երկու ճգնաժամերը՝ համավարակը և պատերազմը:
Ըստ այդմ՝ 2018-2025-ին ՀՀ ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5,8 տոկոս: 2010-2017 թվականներին միջին ՀՆԱ-ի աճը կազմել է 3,9 տոկոս՝ գրեթե 1,5 անգամ պակաս:
2010-2017-ին նոր աշխատատեղերի գրանցման թիվը կազմում է 100 հազար, միջին տարեկան աճը՝ 12,500: 2018-2025 թվականներին այս թիվը կազմել է 280 հազար, միջին տարեկան աճը՝ 35,000:
2010-2017 թվականներին ՀՀ-ում կառուցվել է 1800 կմ ճանապարհ: 2018-2025 թվականներին ՀՀ-ում կառուցվել է 4735 կմ ճանապարհ՝ 2,6 անգամ ավելի:
2010-2017 թվականներին ՀՀ-ում զրոյից կառուցվել է ընդամենը 18 դպրոց, վերանորոգվել կամ հիմնանորոգվել են 170-ը: 2018-2025 թվականներին նոր կառուցված դպրոցների թիվն անցնելու է 300-ը:
2010-2017 թվականներին առողջապահության բյուջեն 53 միլիարդից դարձել է 85 միլիարդ, աճը՝ 60 տոկոս: 2018-2025 թվականների առողջապահության բյուջեն 81,3 միլիարդից դարձել է 206 մլրդ, աճը՝ 154 տոկոս, միջին տարեկան աճը երկու ժամանակահատվածների դեպքում՝ 4 մլրդ և 14 մլրդ:
2010-2017 թվականներին նվազագույն կենսաթոշակը 13,200-ից դարձել է 16,000, ընդհանուր՝ 21 տոկոս աճ, իսկ միջին տարեկան աճը՝ 350 դրամ: 2018-2025 թվականներին նվազագույն կենսաթոշակը 16 հազարից դարձել է 46 հազար դրամ՝ 187 տոկոս աճ, իսկ միջին տարեկան աճը՝ 3750 դրամ, այն է՝ 10 և ավելի անգամ շատ:
2010-2017 թվականներին միջին իրական աշխատավարձն աճել է 15 տոկոսով, իսկ 2018-2025-ին միջին իրական աշխատավարձն աճել է 50 տոկոսով՝ 3 և ավելի անգամ:
«2021-2025 թվականներին ռազմական տեխնիկայի և սպառազինության ծախսերը 5,4 անգամ ավելի են եղել, քան 1998-2018 թվականների սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծախսերը, այսինքն՝ [2021-2025 թվականի ծախսը] 20 տարվա հետ համեմատական է: Սա նշանակում է, որ միջին տարեկան բյուջեն այս պահի դրությամբ ավելի է 22 անգամ:
Սա, իհարկե, նոմինալ արտահայտմամբ, իսկ իրական արտահայտմամբ կլինի 12 անգամ, ինչը պակաս տպավորիչ չէ»,- ասաց նա: