Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ներկա էին նաև ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Քրեական և համայնքային ոստիկանության ներկայացուցիչներ։
Հանդիպմանը հաջորդել է Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի հերթական նիստը։
Նիստերի ընթացքում ամփոփվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քննարկվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացն ու առաջիկա նախագծերը, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր։
Արձանագրվել են դրական արդյունքներ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ձևավորման, ուժի կիրառման ստանդարտի ներդրման, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, խտրականության դրսևորումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և մի շարք այլ ուղղություններով։
Ակնկալվում է, որ առաջիկայում մեկնարկած ծրագրերը բոլոր ուղղություններով կշարունակվեն, կընդլայնվի նաև թվային գործիքակազմերի օգտագործման ուղղությամբ համագործակցությունը։
Քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030 թթ. Գործողությունների ծրագրի մշակման գործընթացի շրջանակում ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ՀՀ Կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: