2018-2025 թվականը իրականացրել ենք 4735 կմ ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը՝ սուբվենցիոն ծրագրերով: Այդ մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ո՞վ է հիշում, թե 2018 թվականի դրությամբ Բագրատաշեն-Երևան ճանապարհի վիճակը ինչ է եղել, օրինակ՝ Երևան-Գորիս ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Մեղրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Գյումրի ճանապարհի վիճակը ինչ է եղել, Երևան-Վանաձոր ճանապարհի վիճակը ո՞վ է հիշում. ես, ես հիշում եմ և համոզված եմ, և շատերն են հիշում, այլ բան, որ շատերը չեն ուզում հիշել»,- նշեց վարչապետը:
«Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը այլևս իրողություն է: Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 1993 թվականից խոսվում է: Գանձաքար-Իծաքար ճանապարհն ասֆալտ անելու մասին ես առաջին, թե երկրորդ կուրս էի, որ խորհրդարանի ամբիոններից Հայաստանի վարչապետները ասում էին: Բերդում քաղաքացիական նախաձեռնություն կար, որ 15 տարի պայքարում էր, որ Բերդ խոշորացված համայնքը պետք է ունենա անվտանգ ճանապարհ: Բերդ համայնքը հիմա ընդհանրապես վտանգավոր ճանապարհ չունի և ունի Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը դեկտեմբերից պատրաստ է, ժամանակ չենք գտնում՝ գնանք բացումն անենք: Թթուջուր-Նավուր ճանապարհը, ռազմավարական նշանակության Տաթև-Լծեն ճանապարհը, Տաթև-Շինուհայր ճանապարհը, Խոտ-Որոտան ճանապարհը, որոնք ունեն ռազմավարական նշանակություն:
Հիմա էլի կասեն, վա՜յ, հողերը տվին, այդ ճանապարհները և այլն, և այլն. մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, որովհետև ամենամեծ աբսուրդն է, երբ որևէ երկիր ինքն իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում. դա նշանակում է երկիրը կործանման տանելու ճանապարհ: Խոստովանենք՝ մենք էլ ենք մասնակցել այդ ճանապարհին, բայց մենք այնքան խելք և ուժ ենք ունեցել, որ այդ ճանապարհը տեսնենք, առերեսվենք և փոխենք պատմության ընթացքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: