Մենք կարծում ենք, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք շատ մեծածավալ աշխատանք ենք կատարել, ու այդ աշխատանքի գնահատականը լավ կլինի՝ արտացոլվի քաղաքացու քվեում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանությանը ընտրություններում 60 տոկոս ձա՞յն է անհրաժեշտ Սահմանադրության նախագիծը հավանության արժանացնելու և հանրաքվեի դնելու համար:
Նրա խոսքով՝ ընտրական կանխատեսումներ անելը քաղաքական գործչի համար լավ ժանր չէ:
«Ինչպես կլինի, ըստ դրա էլ կշարժվենք առաջ: Ուրիշ բան, մենք կարող ենք հայտարարել ու հայտարարում ենք մեր ակնկալիքը, և մեր նպատակը այս ընտրություններում սա է: Բայց սա մեր նպատակն է և ոչ թե մեր կանխատեսումը: Սա մեր ակնկալիքն է ու մեր նպատակը»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ՔՊ-ում քննարկվե՞լ է Սահմանադրության նախագիծը, ավարտվե՞լ են արդյոք դրա շուրջ քննարկումները, պատասխանեց. «Չենք ավարտել, բազմիցս քննարկվել է»:
«Ամենատարբեր քննարկումներ կան ամենատարբեր ձևաչափերով»,- հայտնեց Վահագն Ալեքսանյանը: