Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամից (CNF) ստացել են 2026 թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները, որոնք կազմել են 285 հազար եվրո։ Այդ մասին հայտնում են հիմնադրամից։
Նշված գումարից 90 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 75 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 70 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին և 50 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:
Հաղորդագրությունում նաև նշված է, որ մինչև վերը նշված հատկացումները, Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտին էր հատկացվել 50 հազար եվրո՝ տարածքի պահպանության և օպերացիոն ծախսերի ֆինանսավորման նպատակով։