Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր այցելեցինք Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։ Այս մասին հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետներ Վահագն Արսենյանի, Սեդրակ Թևոնյանի և համայնքապետերի հետ շրջայց ենք կատարել երկու մարզերի մի շարք համայնքներում և բնակավայրերում։
Առաջին կանգառը Արենի համայնքն էր: Շրջայց կատարեցինք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ապա այցելեցինք Արարատի մարզ, որտեղ ներկա գտնվեցինք Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը:
Այցելեցինք նաև Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում ներկա գտնվեցինք նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Վարչապետի հետ այցելեցինք նաև Արտաշատ համայնք, ծանոթացանք Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին, եղանք Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոցում:
Եղանք նաև Մասիս համայնքում, որտեղ Սայաթ-Նովա բնակավայրում
մասնավոր հատվածի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք»,-նշել է նա։