ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է որպես հյուրընկալող երկիր՝ նշյալ միջոցառումներին բուհերի մասնակցության ծրագրերին՝ կարևորելով ուսանողների ու կամավորների առավելագույն ներգրավումը, տարբեր ձևաչափերով միջբուհական համագործակցությունը․ «Ակնկալում ենք ուսանողների ակտիվ մասնակցություն և կամավորության խրախուսում: Շատ կարևոր է, որ ուսանողներն իրենց զգան այս մեծ միջոցառումների կազմակերպման գործընթացի մաս: Կարևոր է նաև հնարավորինս տեսանելի դարձնել կրթական համակարգի մասնակցությունը՝ հատկապես COP17-ին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ նախատեսվող աշխատանքներում բուհերի առաջարկները ևս հաշվի կառնվեն: Նախարարն անդրադարձել է նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային 10-րդ խաղերին՝ ընդգծելով պատշաճ իրազեկվածության և բարձր մասնակցայնության ապահովումն ուսանողների շրջանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում որոշ դրույթների հստակեցման հարցը: Ըստ նախարարի՝ նախատեսվում է հստակեցնել ընդունելության կարգն ու ռեկտորների ընտրության գործընթացը՝ հորդորելով նախագծի լրամշակման փուլում ներկայացնել առաջարկներ: Հանդիպմանը քննարկվել են նաև բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգում տվյալների ամբողջականությանը, բուհերի ընդունելությանը, բուհերի և գիտական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։