ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության արդյունքները։ ԿԸՀ նախագահը իր զեկույցում նշել է, որ 2024-25 թթ. կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություններ, որոնցից մեկը՝ մեծամասնական ընտրակարգով, իսկ երեքը՝ համամասնական: Վահագն Հովակիմյանի խոսքով՝ որևէ ընտրության արդյունք չի բողոքարկվել:
Զեկուցողն ընդգծել է, որ փաստաթղթում ներկայացված է հանձնաժողովի զարգացման ռազմավարության տեսլականը: Ռազմավարության համաձայն՝ ԿԸՀ-ի առաքելությունն է ապահովել ժողովրդի, իշխանության իրացումն ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Ըստ ռազմավարության՝ հանձնաժողովի ջանքերը՝ սկսած 2025 թվականից, միտված են լինելու ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ընտրողների կրթության և իրազեկման բարձրացմանը, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ հաշվի առնելով ընտրական համակարգի հետ կապված աշխարհում տեղի ունեցող զարգացումները՝ ակնհայտ է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ունենան առանձնացված շենքային պայմաններով և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մարզային նստավայրեր: «Մենք ծրագրում ենք 10 մարզերում ունենալ նստավայրեր: Միջազգային գործընկերների կողմից ստացվել է դրական արձագանք, և ԱԺ ընտրություններից հետո նախաձեռնվելու է դրանց ձևավորման գործընթացը»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը:
Անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը՝ զեկուցողը նշել է, որ 300 և ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից կապահովվի քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացի հեռարձակումը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության օրը գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում: