ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ բանակցություններին և հույս է հայտնել, որ Թեհրանը կցուցաբերի ողջամիտ վարքագիծ առաջիկա քննարկումների ընթացքում։
«Կարծում եմ՝ շատ բան է խաղադրույքին. եթե նրանք մեզ չտան այն, ինչ մեզ անհրաժեշտ է, կարծում եմ՝ ամեն ինչ վատ կդասավորվի։ Բայց ես լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն», - լրագրողներին ասել է Վենսը՝ Հունգարիայից մեկնելուց առաջ։
Նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները կպահանջի, որ Իրանը չհարստացնի ուրանը՝ միջուկային զենք ստեղծելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի` տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանն ապրիլի 10-ին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ։
Բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Վենսը։ Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները: