ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ընդլայնել ռազմական գործողությունների մասշտաբները, եթե Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը խափանվի։
«Եթե որևէ պատճառով այն (նկատի ունի համաձայնագիրը) չիրականացվի, ինչը քիչ հավանական է, հարվածների ինտենսիվությունը կհասնի աննախադեպ մակարդակի», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը, ինքնաթիռները և նավերը տարածաշրջանում իրենց դիրքերում կմնան մինչև Թեհրանի հետ պայմանավորվածությունների կատարումը։
Ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Ապագա համաձայնագիրը կարող է հիմնված լինել Իրանի` տասը կետից բաղկացած ծրագրի վրա, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավանություն է տվել Միացյալ Նահանգները:
Այն, ի թիվս այլ բաների, ներառում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Հորմուզի նկատմամբ նրա վերահսկողության ապահովումը, ուրանը հարստացնելու իրավունքը, չհարձակվելը և բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը, այդ թվում՝ Իսրայելի կողմից «Հըզբոլլահի» դեմ գործողությունը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սակայն, հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն խախտել է խաղաղության առաջարկի վերջին երեք կետերը, ինչը հրադադարը դարձնում է անիրագործելի։ Մասնավորապես, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կրկին առաջարկել է Իրանից ուրանի բռնի առգրավում, եթե հրաժարվի կամավոր կերպով այն հանձնել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարված է հասցրել Լիբանանին, ինչը, վերջին տվյալներով, խլել է ավելի քան 250 մարդու կյանք։
Անկախ այս ամենից, ապրիլի 10-ին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս չեն չեղարկվել։