Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել, և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության՝ համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունը լայն և բաց է, մենք շարունակելու ենք աշխատանքը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան ժամանած ղազախ պաշտոնյաների հետ քննարկումների օրակարգում ընդգրկվա՞ծ է երկաթուղու կառավարման փոփոխության հարցը, անկախ Ռուսաստանի դիրքորոշումի՞ց է հարցը քննարկվելու ղազախական կողմի հետ:
«Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIPP-ի վերաբերյալ: Ի՞նչ կարող է նրանց հետաքրքրել. սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացում: Գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, դերակատարներից է, մասնավորապես, Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով, և Ղազախստանի մեր գործընկերների հետ այդ հարցը մենք նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում ենք առավել առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում, ինչպես է դա անդրադառնալու, ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար:
Այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չէ, որ ակնհայտորեն հետաքրքրված է: Բազմաթիվ երկրներ հետաքրքրված են, հրապարակային պրոցես է ընթանում, և չենք պատրաստվում, բնականաբար, թաքցնել մեր գործընկերներից: Բնականաբար, մենք, այդ թվում Ղազախստանին, պիտի հրավիրենք պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետև տրանսպորտի ոլորտի բիզնեսը, որը մասնավոր է, բայց, իհարկե, պետությունը նաև որոշակի դեր ունի, չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետև, այո՛, շա՛տ լավ, երկրի մի հատվածից վերցվեց, տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի ամուր գործընկերություն, որպեսզի այդ հատվածն աշխատի:
Իսկ երկաթուղու հետ կապված ընդհանրական հարցը հրապարակային քննարկվող հարց է, հնարավոր է՝ նաև այդ հարցին անդրադարձ լիներ, բայց Ռուսաստանի թիկունքում որևէ քննարկում տեղի չի ունենում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե ղազախ պաշտոնյաների հետ քննարկվել է TRIPP նախագիծը, Փաշինյանն արձագանքեց, որ TRIPP-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար է ներդրումային հնարավորություններ բացելու:
«Մարդիկ ուզում են հասկանալ՝ TRIPP նախագիծն ինչ հնարավորություններ է բացելու, որպեսզի իրենք էլ իրենց հաճախորդներին առաջարկեն տարբերակներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ խոսքն ընդհանուր առմամբ այսպես կոչված «Միջին միջանցքի» կամ տրանսկասպյան ուղու մասին է: