ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:
Քննարկումների առանցքում են եղել երկկողմ և միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին: