Կառավարությունը կայացրել է որոշում, որով նախատեսվում է փոփոխել Աշոցքի դպրոցի մասով սահմանված թույլտվության սահմանաչափը, ինչպես նաև կարգավորումները համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը։
Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մի շարք աշխատանքների կատարումից հետո պարզ են դարձել չներառված այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը, ինչի պատճառով անհնար է դարձել աշխատանքների հետագա ընթացքը։ Նշված խնդիրների կարգավորման և դպրոցի վերանորոգման շինարարական աշխատանքները պատշաճ և սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով՝ վերանայվել են ծավալաթերթ/թերությունների ակտը և նախահաշվային փաստաթղթերը, կազմվել լրացուցիչ աշխատանքների նախահաշիվ, որի արդյունքում պայմանագրի գինը ՀՀ Կառավարության 05.06.2025 թ. N 717-Ա որոշմամբ թույլատրվել է ավելացնել 51,714,021.9 ՀՀ դրամով կամ 52.4 %-ով։ Որոշման հիմքով կնքվել է թիվ 5/2 համաձայնագիրը, որով պայմանագրի գինը դարձվել է 150,368,090.0 ՀՀ դրամ։ Աշխատանքների կատարման ընթացքում կրկին անհրաժեշտություն է առաջացել ծավալաթերթ-նախահաշվում կատարելու որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ կապված տարածքի բարեկարգման ծավալների փոփոխության հետ, ինչպես նաև շերտավարագույրների, հենապատերի վրա բետոնե թասակների կառուցման, ապամոնտաժված բազալտե եզրաքարերի վերատեղադրման և վարդակների տեղադրման հետ։
Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ կառավարության մինչև 2026 թ. 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում դպրոցների նորոգման աշխատանքների պատշաճ շարունակական իրականացումը։