ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Կուբա մարդասիրական նավթի մատակարարմանը ցանկացած երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից։
Նա նշել է, որ դեմ չէ Կուբայի նավթ ստանալուն, քանի որ «նրանք պետք է գոյատևեն»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը կարծում է, որ դա չի օգնի գոյատևել Կուբայի ներկայիս ռեժիմին։
«Դա ոչ մի ազդեցություն չի ունենա։ Կուբայի վերջը եկել է։ Նրանք վատ ռեժիմ ունեն, կոռումպացված ղեկավարություն, և կարևոր չէ՝ նավթ կստանան, թե ոչ»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ The New York Times-ը, վկայակոչելով իրազեկված ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ առափնյա պահպանությունը թույլ կտա հում նավթով բեռնված ռուսական լցանավին անարգել անցնել Կուբա՝ չնայած կղզու փաստացի վառելիքային շրջափակմանը:
Պարբերականի համաձայն՝ 730000 բարել նավթ տեղափոխող լցանավը կարող է հասնել նշանակման վայր՝ Մատանսաս նավահանգիստ, արդեն երկուշաբթի, կղզուն ապահովելով կենսական էներգիայի աղբյուրով՝ ԱՄՆ-ի կողմից նավթային շրջափակումից հետո։