Ուրբաթ Քուվեյթի հանրային աշխատանքների նախարարությունը հայտարարել է, որ Քուվեյթի հարավում գտնվող Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը ենթարկվել է անօդաչու սարքի և թևավոր հրթիռի համակցված հարձակման: Նախնական հաղորդումները վկայում են նյութական վնասի մասին, բայց զոհեր չկան:
Մեկ օրվա ընթացքում դա երկրի նավահանգստին հասցված երկրորդ հարվածն է: Ավելի վաղ Քուվեյթի նավահանգստային վարչությունը հայտնել էր, որ «թշնամական» անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել երկրի գլխավոր առևտրային Շուվեյխ նավահանգիստը՝ պատճառելով նյութական վնաս, բարեբախտաբար զոհեր չկան:
Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը Քուվեյթի հյուսիսային Բուբիյան կղզում գտնվող խոշոր ռազմավարական նախագիծ է, մինչդեռ Քուվեյթ քաղաքի մերձակայքի արդյունաբերական տարածքում գտնվող Շուվեյխ նավահանգիստը համարվում է երկրի հիմնական ծովային առևտրի կենտրոն, որը զբաղվում է բեռների պահեստավորմամբ, բաշխմամբ և առևտրային փոխադրումներով։
Այդ հարձակումները տեղի են ունենում տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին: ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակումներին Իրանը պատասխանել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներով Իսրայելին, ինչպես նաև Հորդանանին, Իրաքին և Պարսից ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտները: Դա իր հերթին հանգեցրել է զոհերի, վնասել ենթակառուցվածքները, ինչպես նաև խաթարել է համաշխարհային շուկաների և ավիացիայի աշխատանքը: