2025 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա պետք է մշակվեն օտարերկրյա որդեգրման գործընթացի վերաբերյալ համապատասխան կարգեր։
Նշված ոլորտի կարևորագույն բաղկացուցիչներից է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացիան և դրանց ֆինանսական հոսքերի նկատմամբ պատշաճ, բազմակողմանի և թափանցիկ հսկողության գործիքակազմի սահմանումն ու իրականացումը։
Այս թեմայով 2026 թվականի մարտի 26-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը ներկայացրել է կարգերի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա բացերն ու մտահոգությունները։ Գործընկերների հետ քննարկվել են օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ հետագա հսկողության ուղղությամբ Արդարադատության նախարարության և պետական այլ մարմինների միջև համագործակցության հնարավորությունները, ուղղությունները և շրջանակը։
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել նոր կարգավորումների ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու և այս ոլորտում յուրաքանչյուր պետական մարմնի գործառույթները նախանշելու պայմանավորվածություն։