Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան գրեթե ամեն օր բանակցություններ են վարում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Մերձավոր Արևելքում զարգացումների պատճառով այս հարցը երկրորդ պլան չեն մղել և մեծ առաջընթաց են գրանցում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վաշինգտոնի միջնորդությամբ տարվող Կիև-Մոսկվա բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված: Սակայն կողմերն առանձին շփումներ են վարում Սպիտակ տան հետ:
Դիվանագիտական դաշտում անորոշության ֆոնին շարունակվում են ռազմական գործողությունները: Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում բնակելի կառույցներ են ավերվել, կան զոհեր և վիրավորներ:
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Ուֆայում ավերածությունների մասին, կան տուժածներ: Տեղեկություններ կան, որ Սարատովում և Տոլյատիում էլ էներգետիկ գործարաններ են թիրախավորվել: