Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը, դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը՝ Truth Social-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը՝ չնայած գրառումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր չի կնքելու, քանի որ, նրա ձևակերպմամբ, առավելություն ունեցող կողմը չի գնում հրադադարի:
«Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանքները, արդյունաբերական բազան, ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են: Երբեք թույլ չենք տա, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային զենքին: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը միշտ կարող է արագ և հզոր արձագանք տալ»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն էլ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
«Մենք ցանկանում ենք զրուցել նրանց հետ, բայց չկա մեկը, ում հետ կարող ենք խոսել։ Եվ գիտե՞ք ինչ։ Դա մեզ դուր է գալիս»,- ասել է նախագահը։
Նա վերահաստատել է Վաշինգտոնի մերձավորարևելյան դաշնակիցներին աջակցությունը և պաշտպանությունը:
«Հորմուզի նեղուցն էլ պետք է պահպանվի և վերահսկվի՝ անհրաժեշտության դեպքում, այլ երկրների կողմից, որոնք օգտագործում են այն։ Միացյալ Նահանգները դա չի անում։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք, բայց դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանի բխող սպառնալիքը չեզոքացվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Նա հավելել է՝ լավ կլիներ, որ Հորմուզի նեղուցից ամենաշատն օգտվող Չինաստանը և Ճապոնիան մասնակցեին նեղուցի ապաշրջափակման հնարավոր գործողությանը, որը ցանկանում է նախաձեռնել Վաշինգտոնը: Նա բողոքել է, որ ՆԱՏՕ-նվախենում է միանալ ԱՄՆ-ին:
Թրամփը նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Հորմուզի նեղուցին սպառնացող իրանական թիրախներին հարվածելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Լոնդոնը դեռ վաղուց պետք է նման որոշում կայացներ: