Վոլոդիմիր Զելենսկին հեռավար ելույթ է ունեցել Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որտեղ Հունգարիայի և Սլովակիայի պատճառով հետաձգվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրումը։
Զելենսկին հայտարարել է՝ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթն էլ փակուղում է հայտնվել, ինչը ևս թուլացնում է Մոսկվայի վրա ճնշումը։
«Իսկ Վաշինգտոնը մեղմացրել է որոշ պատժամիջոցներ, դա որոշ չափով հարստացնում է Ռուսաստանի ռազմական բյուջեն»,- մտահոգություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է՝ վերջերս ԱՄՆ-ից ազդանշաններ են ստանում Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, որոնք դադարեցվել են՝ Մերձավոր Արևելքում զարգացումներով պայմանավորված։
«Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ տրամադրվածությամբ կմոտենա բանակցություններին ռուսական կողմը։ Կարևոր է թույլ չտալ, որ Մոսկվան զգա, թե ուժեղ դիրքում է: Քանի որ Ռուսաստանը նկատում է ՀՕՊ հրթիռների ակտիվ կիրառումը Մերձավոր Արևելքում և կարող է մտածել, որ այդ ֆոնին Ուկրաինան ավելի քիչ աջակցություն է ստանալու»,- ասել է Զելենսկին։