ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Թումո Լաբսում» ներկա է եղել «Հայաստանում կիբեռանվտանգության ամրապնդման գործընկերություն» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Թումո լաբերը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ամփոփել են ծրագրի մեկուկես տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ուսանողներին լսելու և ներկայացված նախագծերին ծանոթանալու այս հնարավորությունը:
Որպես կրթության ոլորտի ամենամեծ մարտահրավեր՝ նախարարի տեղակալն անդրադարձել է կիբերանվտանգության խնդրին. «Կիբերանվտանգության մասին խոսելիս առաջինը պետք է նկատի ունենանք տվյալների անվտանգությունը, որոնք վերաբերում են կրթական համակարգում ընդգրկված յուրաքանչյուր անձի ու երևույթի: Այս համատեքստում չափազանց կարևոր են նմանատիպ նախագծերն ու կրթական ծրագրերը, որոնք մեզ օգնում են նաև ունենալ կիբեռանվտանգությունն ապահովող մասնագետներ»:
.jpg)
Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է ոչ ֆորմալ կրթության ձևաչափը թիմային աշխատանքի ձևավորման, միմյանցից սովորելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ առաջնային է մերօրյա երիտասարդներին ճիշտ տեղեկությունը կեղծից տարբերելու հմտություններ սովորեցնելը, վերլուծելը, համադրելը, խմբավորելն ու նոր գաղափարներ գեներացնելը՝ համահունչ մասնագիտական կրթությանը ներկայացվող պահանջներին:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բերած փոփոխություններն ավելի են մեծացնում կիբեռանվտանգության անհրաժեշտությունը, որի ապահովմանը պետք է ուղղված լինեն պատասխանատու մարմինների ջանքերը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության Առաքելության ղեկավարի տեղակալ Լարս Հեննիգը, «Համագործակցություն հանուն կիբերանվտանգության ամրապնդման» գլոբալ ծրագրի ղեկավար Ռաֆայել Պֆաուչը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ծրագրի հիմնական արդյունքներն ու ձևավորված գործընկերությունները: Այնուհետև կրթական ծրագրի մասնակիցները հանգամանորեն ներկայացրել են ուսուցման ընթացքում ստեղծած իրենց նախագծերը: