ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս ֆոն Ռեյը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող նոր պահուստային ծրագրին և դրա առանցքային ուղղություններին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը մակրոտնտեսական կայունության ապահովման և կառուցվածքային բարեփոխումների առաջմղման գործում։
Քննարկումների շրջանակում ներկայացվել է ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային շրջանակին, հանրային ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև կլիմայի օրակարգի ֆինանսավորման հետ կապված հարցերին։
Կողմերը քննարկել են նաև հարկային և ծախսային քաղաքականության առաջնահերթությունները՝ միտված տնտեսական աճի խթանմանը և ֆիսկալ կայունության ամրապնդմանը։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են համատեղ աշխատանքի կարևորությունը՝ ուղղված իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և բարեփոխումների շարունակական առաջմղմանը։