«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Արձանագրության նպատակն է ապահովել գենետիկական պաշարների հասանելիությունը և դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար ու համարժեք բաշխումը: Գործընթացը կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի տասնյոթերորդ համաժողովը (COP17) և երկու տարով կստանձնի կոնվենցիայի ներքո գործընթացների նախագահությունը: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Արձանագրության վավերացումը բնական պաշարների նկատմամբ մեր երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու, գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու և Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն կտա: Այն համահունչ է ՀՀ Կառավարության ծրագրին և բխում է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ստանձնած պարտավորություններից:
Նշվել է, որ չնայած արձանագրությունը չի հակասում գործող օրենսդրությանը՝ դրա կիրարկման համար անհրաժեշտ կլինեն որոշ օրենսդրական կարգավորումներ: Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: