ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը և մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու արգելմանը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղեր, դանակներ, խմելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը և առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի հաստատություններում, տոնավաճառներում և այլ առևտրի իրականացման վայրերում՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի և որոշ հատուկ նշանակության տարաների։
Առաջարկվում է նաև սահմանել պատասխանատվության մեխանիզմներ․ առաջին խախտման դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ 100.000-150.000 դրամ տուգանք։ Վերահսկողությունը կիրականացվի տեղական ինքնակառավարման մարմինների և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ, ինչպես նաև ներդրվում են «դիտարկման» ձևաչափով վերահսկողության գործիքներ։
«Վստահ եմ, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանի համար կարևոր քայլ է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և քաղաքական տեսանկյունից։ Այս նախաձեռնությամբ COP17-ի նախաշեմին Հայաստանը հանդես է գալիս որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն»,-նշել է նախարարը։