«Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը և կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է 2025 թվականին: Համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում:
Հարցը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ու նշել, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Վերջինիս պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանություն չէ, այլ էկոհամակարգի հավասարակշռություն է և կենսամիջավայրի կայունության պահպանություն:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են՝ լուսանը, Եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) և Մանուլը (Otocolobus manul). վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Համբարձում Մաթևոսյանի խոսքով անդամակցությունը միջազգային համագործակցությունը զարգացնելու, համատեղ հետազոտություններ իրականացնելու և կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը կիրառելու հնարավորություն կտա:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: