Կառավարությունն ընդունել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հուշարձանի տարածքն ամբողջականացնելու, պահպանությունն ապահովելու, ուսումնասիրություններ իրականացնելու, հնագիտական պեղումները կազմակերպելու, պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ:
Հիմնավորման համաձայն՝ Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ: ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (11.011.000 դրամ) Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը 2024 թ. իրականացրել է պեղումներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակվել է Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 դրամ): Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:
Կառավարությունն ընդունել է «Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար:
Որոշմամբ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին նվիրաբերել ոչ պիտանի ճանաչված ԿՍ-19 տեսակի հրանոթ՝ համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով: