Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
Ըստ այդմ՝ առաջարկվում է հնարավորություն տալ 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուներին օգտվել Ծրագրից, որպեսզի բացառվի վերջիններիս կողմից ֆինանսական վնասներ կրելը (ընդհանուր 400 քվոտա)։
Միևնույն ժամանակ առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում՝ առաջարկվում է այդ բնակավայրերում սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։
Առաջարկվում է ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50 %-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20 %-ի չափով համալրվածություն։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։
Որոշմամբ նաև առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։ Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրով սահմանված 2400 շահառուն փոխարինել մինչև 3820-ով՝ հնարավորություն տալով վերոնշյալ թիրախային խմբերին օգտվել ծրագրից, միաժամանակ առաջարկվում է ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։