Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո ուսանողը փորձել է շարունակել ուսումն այն նույն քոլեջում, որտեղ մինչև զորակոչվելը սովորել էր անվճար հիմունքներով։ Քոլեջում, սակայն, նրան տեղեկացրել են, որ ուսումնական պլանի փոփոխությունների հետևանքով առաջացած ակադեմիական տարբերությունները գերազանցում են թույլատրելի սահմանը, և նա չի կարող վերադառնալ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։ Քաղաքացուն առաջարկել են ուսումը շարունակել վճարովի հիմունքներով՝ ավելի ցածր կուրսից, ինչը կնշանակեր կրկին սովորել երկու կիսամյակ։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
«Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով նաև, որ ակադեմիական տարբերությունները չեն առաջացել իր մեղքով, սակայն այդ հանգամանքը խոչընդոտում է իր կրթության շարունակականությանը։
Բողոքի ուսումնասիրության ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քոլեջի ղեկավարության և ԿԳՄՍ նախարարության հետ։ Արդյունքում նախարարությունը թույլատրել է վերականգնել ուսանողի իրավունքը՝ հնարավորություն տալով նրան սովորելու համապատասխան կուրսում։
Քաղաքացին հետագայում տեղեկացրել է, որ Պաշտպանի աջակցությամբ այժմ շարունակում է ուսումը անվճար հիմունքներով՝ 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակից։
Ըստ գործող կարգավորումների՝ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ուսանողները պետք է հնարավորություն ունենան շարունակելու ուսումը նույն կրթական հաստատությունում և նույն կրթական ծրագրի այն փուլից, որտեղից այն ընդհատվել է։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ համագործակցությունը և նրանց ցուցաբերած պատրաստակամությունը՝ քաղաքացիների իրավունքների վերականգնման հարցում։
Իրազեկում
Եթե կարծում եք, որ խախտվել է ձեր իրավունքը, կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Թեժ գիծ՝ 116, ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100:
Հասցե՝ Երևան, Պուշկին 56Ա