Պետական պատվերի շրջանակում այս ընթացքում մենք 10,5 մլրդ դրամի բժշկական ծառայություններ ենք մատուցել մեր հայրենակիցներին, և, ըստ էության, հենց առաջին օրերից պետական պատվերի ամենամեծ փաթեթը՝ ամբողջ ծավալը, հասանելի է դարձել մեր քաղաքացիների համար: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր էլ շարունակում են բոլոր մեր հայրենակիցները, որոնք դեռ քաղաքացիություն չունեն, օգտվել պետական պատվերի ամբողջ ծավալից:
Ես ուզում եմ ընդգծել, որ սա շարունակվելու է, մինչև եռամյա շրջափուլը կավարտենք, և ամբողջապես կներդնենք ապահովագրական համակարգը: Իսկ մեր հաճախակի հանդիպումները հուշում են, որ շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ սպասում են՝ անցնելու առողջության համընդհանուր ապահովագրությանը»,- ասաց նա: