ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի (ՖԴՀԱ) հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ասոցիացիայի անցած ճանապարհը վկայում է փորձի, հաջողությունների, դժվարությունների և դրանց հաղթահարման մասին։ Նա շնորհավորել է ասոցիացիայի անդամներին ավելի քան 2 տասնամյակի գործունեության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
«Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք: Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը ֆրանսերեն դասավանդողների կարողությունների զարգացմանն է ուղղված: Վստահ եմ, որ այս ծրագրի ամփոփումից հետո ունենալու ենք ավելի որակյալ կրթություն, ֆրանսերեն ավելի լավ իմացող, Ֆրանսիայի մշակույթը և պատմությունը ճանաչող դպրոցականներ: Դեսպանատան հետ իրականացվող մյուս կարևոր ծրագիրը ֆրանսերենի դասագրքերի ստեղծման աշխատանքն է, որն անչափ կարևոր է․ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մեկնարկել ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման ծրագիրը՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում։ Այս գործընթացում մեր գործընկերներն օգնում են փորձագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում»,- նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի ավարտին արձանագրված հաջողություններն իրենց էական ազդեցությունն են թողնելու դասավանդման որակի վրա։
.jpg)
Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև, որ ՀՀ ուսումնական հաստատությունները բավական ակտիվ մասնակցում են ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին. «Վստահ եմ, որ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքում մեր դպրոցականները ֆրանսերենը խորությամբ ուսումնասիրելու, հաղորդակցվելու, մշակույթին ծանոթանալու լայն հնարավորություններ կունենան»:
Նշենք, որ ՖԴՀԱ-ն հիմնադրվել է 2001 թվականին և նույն տարում անդամագրվել Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիային։ Իր կանոնադրական գլխավոր նպատակը համարելով ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացումը՝ 2002-2023 թթ․ այն անցկացրել է ամենամյա սեմինարներ, որոնց մասնակցել է ՀՀ ուսումնական հաստատությունների շուրջ 200 մասնագետ։ ՖԴՀԱ-ի միջոցով բազմաթիվ ուսուցիչներ բազմիցս վերապատրաստվել են Ֆրանսիայի առաջավոր կենտրոններում: Ասոցիացիան մեծ դեր ունի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների ստեղծման ծրագրի իրականացման մեջ:
Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (CREFECO) և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ` ՖԴՀԱ-ն կարևորագույն աշխատանք է տարել ուսումնական ծրագրերի, հանրակրթական պետական չափորոշիչների մշակման, դասագրքերի ընտրության, ուսուցիչների ամենամյա վերապատրաստման (ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում) և մշտադիտարկման ուղղությամբ:
Այն կազմակերպել է հանրակրթական դպրոցների ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների լեզվամշակութային այցեր Ֆրանսիա՝ ֆրանսերենի ուսումնասիրման և ֆրանսիական մշակույթին մոտիկից ծանոթացնելու համար։
ԿԳՄՍ նախարարության և CREFECO-ի օժանդակությամբ ասոցիացիան կազմակերպել է միջազգային օլիմպիադա և ամառային ճամբարներ Աղվերանում և Դիլիջանում։