2018-ի նկատմամբ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ավելի քան քառապատկվել է՝ դառնալով ավելի քան 15 մլրդ դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 25 անգամ՝ դառնալով 5,5 մլրդ դրամ: Սպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2025-ին ընթացքի մեջ է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների շինարարարություն, այդ թվում՝ մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրները»,- ասաց նա:
Տեսանյութին կից նաև նշվում է, որ այս պահին ավարտված է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունը:
Շինարարության փուլում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Ա․ Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը և Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Կառուցման փուլում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը:
Նախատեսվում է նաև կառուցել Վիկ Դարչինյանի, Ռոման և Մալխաս Ամոյանների, Յուրի Սարգսյանի, Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ և Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց: