Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է փետրվարի 10-ին։
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, քաղաքացին հայտնել էր, որ Երվանդ Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել տարել են դրամապանակը։
Մեկնել էին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։
Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվել է, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասում, ձերբակալվել ու տեղափոխվել բաժին։
Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։