ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն «Առողջության իրավունք» և «Բժշկի ձայն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. հիմնախնդիրներ» թեմայով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն էլ 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, գործող բժիշկներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնագետներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քննարկումը վարող Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ոլորտային պաշտոնատար այլ անձինք ևս հրավիրվել են մասնակցելու քննարկմանը, սակայն նախարարից ստացվել է պատասխան, ըստ որի՝ համապատասխան քննարկումներ նախատեսված է ունենալ համակարգի ներդրումից հետո, երբ կվերլուծվեն եռամսյա տվյալները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունն ուղիղ կապի մեջ է ոլորտի առանձին մասնագետների, տարբեր ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների հետ:
Քննարկման մասնակիցները կարևորել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը՝ անդրադառնալով առկա հիմնախնդիրներին, որոնցից հիմնականը, ըստ նրանց, բժիշկների ծանրաբեռնվածությունն էր և նրանց վարձատրության անհամաչափ մեթոդաբանությունը:
Ելույթ ունեցողները ներկայացրել են բժիշկների բողոքները, նշել յուրաքանչյուր բուժծառայության համար փոխհատուցվող վարձատրության չափերը, ինչը, ըստ նրանց գնահատականների, ի վնաս բժիշկների է: Հնչել են նաև առաջարկներ, որոնց դրական են արձագանքել քննարկման մասնակիցները:
Ելույթ ունեցողները նշել են, որ տվյալ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների հետ առերեսվելու ցանկությունն է, ինչպես նաև բժշկի արժանապատվության վերականգնումն ու առկա թերությունների վերացումը: