Ռուսական նավթ գնելու ԱՄՆ-ի թույլտվության հետ կապված, ասիական մի քանի պետություն՝ Թաիլանդը, Շրի լանկան, Ֆիլիպինները, պատրաստվում են բանակցություններ սկսել Ռուսաստանից էներգետիկ պաշարներ ձեռք բերելու համար։
«Էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ռուսաստանից նավթ գնելու համար՝ փոխհատուցելու ցանկացած դեֆիցիտ և հավաստիացնելու հանրությանը, որ Թաիլանդում էներգակիրների պակաս չի լինի»,- հաղորդում է The Nation-ը՝ հղում անելով երկրի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Փիփհաթ Ռատչակիտպրականին։
Daily News տեղական պորտալը հայտնել է, որ Շրի Լանկայի ղեկավարությունը Մոսկվայի հետ քննարկում է ռուսական նավթ գնելու հնարավորությունը։ Շրի Լանկայի արտգործնախարար Վիջիտա Հերաթը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանի հետ՝ գնումներն արագացնելու համար։
Ռուսական նավթ գնելու հնարավորությունն է ուսումնասիրում նաև Ֆիլիպինները՝ հայտնել է այդ երկրի արտգործնախարարությունը:
Այս որոշումները կայացվել են, երբ Իրանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավ կենթարկվի հարձակման: Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր նեղուցը գործնականում փակ է։
Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ կապող աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիներից մեկն է, ինչպես նաև նավթի տարանցման հիմնական ուղին: Աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այդ նեղուցով: