ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ԻԻՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարը մուտք է գործել «Ագարակ» մաքսային անցման կետ: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ, թեպետ վարորդի կողմից բանավոր հարցման ժամանակ հերքվել էր մաքսային հսկողությունից թաքցված կամ հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության փաստը: Մաքսային անցման կետի շվաքարանում, վարչության մաքսային սպասարկման և հսկողության թիվ 14 բաժնի աշխատակիցների իրականացված մաքսային զննության արդյունքում, կիսակցորդի բեռնախցիկի միջից հայտնաբերվել է չհայտարարագրված 10760 տուփ տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:
Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերված ծխախոտային խմբաքանակն առգրավվել է: ԻԻՀ քաղաքացի Մ. Ա.-ի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշների:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ-ի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։