ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատ դաշտեր տեղադրելու փորձ անող ցանկացած նավ, հայտնում է Bloomberg-ը:
Թրամփը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավագնացության համար ցանկացած սպառնալիք լիովին վերացնելու համար։ Վերջին ժամերին ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են ականապատման համար նախատեսված մոտորանավակներ կամ նավեր։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը վճռական է ցանկացած գնով ապահովելու նավթի անխափան տարանցումը ռազմավարական այդ երթուղով։
Հայտարարությունը հնչել է հետախուզական հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ Թեհրանը վերջին օրերին մի քանի տասնյակ ականներ է տեղադրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է հարվածել իրանական նավերին և զինամթերքի պահեստներին։ Հրամանատարությունը զեկուցել է այդ ջրային զարկերակի մոտ իրանական 16 ականադիր նավի ոչնչացման մասին։ Հաղորդվում է, որ Իրանն ունի ավելի քան 5000 ծովային ական՝ արագընթաց նավակների համար։
Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսին և համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային և նավթի տարանցման ուղիներից մեկը: Նեղուցով է անցնում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը: