Համայնքային ոստիկանության օպերատիվ-վերլուծական վարչության օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնի ծառայողները շարունակում են պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև համացանցի միջոցով կազմակերպվող իրացումներին։
Փետրվարի 25-ին ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքում թաքստոցներում տեղադրելով իրացնում էր թմրամիջոցներ։ Ժամը 13։45-ին նա ձերբակալվեց Երևանի Աշտարակի խճուղում և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 34 փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ դրանք «Փիվիփի» տեսակի թմրամիջոցներ են, որոնք ձեռք էր բերել Տելեգրամ ալիքի միջոցով։
Մարտի 2-ին օպերատիվ տեղեկության հիման վրա Դավթաշենի բնակիչ 29-ամյա երիտասարդը ձերբակալվեց Հալաբյան փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ բուսական զանգվածներով։ Նա հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է և արդեն տեղադրել է մի քանի փաթեթ Թումանյանի անվան այգում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները այգում հայտնաբերեցին հինգ փաթեթ։
Մարտի 9-ին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Նանսենի անվան այգում ձերբակալվեց Նոր Արեշում բնակվող 22-ամյա երիտասարդը։ Նրա մոտ հայտնաբերվեց չորս փաթեթ։ Նա հայտնեց, որ նույն այգում և հարակից վայրերում արդեն տեղադրել է փաթեթներ, որոնցից հինգը հայտնաբերվեցին։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
`