Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պատժամիջոցների ռեժիմը դեռևս քննարկվում է ԱՄՆ նախագահի վարչակազմում։
Լրագրողը Սպիտակ տան մամուլի քարտուղարին հարցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մի քանի երկրի նկատմամբ նավթային պատժամիջոցների հնարավոր վերացման վերաբերյալ հայտարարության մասին։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյոք սահմանափակումների մեղմումը կարող է ազդել Ռուսաստանի և Վենեսուելայի վրա, և ե՞րբ կարող են համապատասխան որոշումներ կայացվել։ Լևիթը պատասխանել է, որ հարցը դեռևս քննարկվում է։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների մեղմացումը։ Ավելի ուշ Թրամփը հաստատել էր, որ որոշ երկրների նկատմամբ սահմանափակումները կարող են ժամանակավորապես կասեցվել։ «Եվ հետո, ո՞վ գիտի, գուցե մենք ստիպված չլինենք դրանք նորից կիրառել»,- հավելել է հանրապետական նախագահը։
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենն էլ Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն չի գնա Թրամփի հետքերով և չի մեղմի Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները՝ չնայած Հունգարիայի կոչերին։ «Մեզ ռուսական էներգիա պետք չէ։ ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները Իրանի հետ պատերազմի ֆոնին։ Մենք դրան «ոչ» ենք ասել և կշարունակենք պահպանել այդ դիրքորոշումը»,- հավելել է Յորգենսենը։