ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների ամրակայումն ու վերականգնումը, միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը, միջնաբերդի բաղնիքների ամրակայումն ու մասնակի վերականգնումը, ինչպես նաև Ամրակից գյուղում գտնվող Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնումը։
Լոռի բերդի միջնաբերդի եկեղեցու/ հասարակական կառույցի և բաղնիքների, ինչպես նաև Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 2025 թվականին։ Ներկայացվել են ավարտական կատարողական ակտերը, որոնք ներկայում գտնվում են ուսումնասիրման և ստուգման փուլում։
Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցին, որն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, գտնվում է պետության հոգածության ներքո և ծառայելու է որպես մշակութային հուշարձան: Վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծերի հիման վրա. դրանք մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների, ուսումնասիրությունների և մասնագիտական այլ հետազոտությունների հիման վրա։
Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։ Մասնավորապես, Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա:
2025 թվականին «Լոռի բերդ քաղաքատեղիի» տարածքում տեղադրվել է նաև տեղեկատվական մոդուլային կենտրոն, որը ծառայելու է որպես այցելուների զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ։ Նշվել է, որ տարածքն անհրաժեշտ է բարեկարգել և ձևավորել որպես հարմարավետ քայլուղի՝ ապահովելով այցելուների համար առավել մատչելի և բարեկարգ միջավայր: Միայն 2020 թվականին քաղաքատեղին ավելի քան 27 հազար այցելու է ունեցել: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև զարգացնել սրճարանային հատվածը՝ այն դիտարկելով որպես լրացուցիչ եկամտի աղբյուր, որը կարող է նպաստել տարածքի ակտիվացմանն ու այցելուների սպասարկման որակի բարձրացմանը։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 833,478.0 հազար դրամ: