ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ մահացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը։
«Երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում պարոն Բայբուրդյանն իր ուրույն ներդրումն է ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության դիվանագիտության, այնպես էլ գիտության և կրթության ոլորտներում՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղնեցնելով պատասխանատու պաշտոններ և զբաղվելով ակտիվ գիտական և մանկավարժական-դասախոսական գործունեությամբ: Եղել է ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։
1992թ. Վահան Բայբուրդյանը նշանակվել է ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իր անգնահատելի ավանդը բերելով նորանկախ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման և երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո՝ Վահան Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, շարունակել է զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ:
Դիվանագիտության, գիտության և կրթության ոլորտներում ունեցած մեծ ավանդի համար Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է մի շարք դիպլոմներով, հուշամեդալներով և մեդալներով: Մասնավորապես՝ պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով, ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար» հուշամեդալով, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմով, ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ դիպլոմով, ԵՊՀ ոսկե մեդալով և պատվոգրով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով և Մովսես Խորենացու մեդալով:
Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վահան Բայբուրդյանի հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր սգում են անվանի գործչի մահը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ