Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ ողջունել է Մոջթաբա Խամենեիի նշանակումն Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում՝ այն անվանելով «պետության կառավարման գործում ժողովրդի կամքի իրականացման դրսևորում»։
Իրանում նախագահն ընտրվում է համընդհանուր ընտրությունների միջոցով, սակայն նրա լիազորությունները զգալիորեն սահմանափակ են՝ համեմատած գերագույն առաջնորդի հետ։ Նախագահի թեկնածուները նախապես ընտրվում են երկրի բարձրագույն հոգևորականության կողմից, որը կարող է մերժել իրեն ոչ ցանկալի թեկնածուներին։
Այդուհանդերձ ընտրությունները կարող են լինել մրցակցային։ Մասնավորապես, 2024 թվականի ընտրությունում Մասուդ Փեզեշքիանը ստացել էր ձայների 53,3 տոկոսը՝ հաղթելով ավելի պահպանողական թեկնածու Սաիդ Ջալիլիին։
Միևնույն ժամանակ ընտրությունների նկատմամբ զանգվածային դժգոհության պատճառով միլիոնավոր ընտրողներ բոյկոտել էին քվեարկությունը։
Փեզեշքիանն իր գրառման մեջ նշել է, որ Իրանը կկարողանա հաղթահարել իր խնդիրները նոր գերագույն առաջնորդի «իմաստուն առաջնորդության» շնորհիվ, ինչպես նաև հասարակության վստահության և մասնակցության վրա հիմնված մթնոլորտ ձևավորելու միջոցով։
Հիշեցնենք՝ Իրանի Փորձագետների խորհուրդը հաստատել էր, որ Մոջթաբա Խամենեին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։