ԱՄՆ նախագահը «դժգոհ» է Իրանի Փորձագետների խորհրդի որոշումից, որով Իսլամական Հանրապետության նոր ղեկավար է նշանակվել Մոջթաբա Խամենեիին՝ այաթոլլա Խամենեիի որդին: Այս մասին Դոնալդ Թրամփն ասել Է Fox News հեռուստաալիքի հաղորդավարին:
The Times of Israel-ի հետ հարցազրույցում էլ Թրամփը Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը մեկնաբանել է «կտեսնենք, թե ինչ կլինի» արտահայտությամբ:
Որոշ ժամանակ առաջ էլ Թրամփը ABC News-ին ասել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը «երկար չի դիմանա», եթե չստանա Վաշինգտոնի հավանությունը:
ԱՄՆ նախագահը Մոջթաբա Խամենեիին «թեթև քաշային» է անվանել և սպառնացել, որ չի ընդունի այն թեկնածուին, որը կշարունակի սպանված Ալի Խամենեիի քաղաքականությունը: Թրամփի խոսքով՝ նման անձի նշանակումը մի քանի տարի անց կհանգեցնի նոր պատերազմի: «Վաշինգտոնին անհրաժեշտ է մեկը, ով «համերաշխություն և խաղաղություն կբերի Իրան», ուստի ԱՄՆ նախագահը պետք է անձամբ մասնակցի Գերագույն առաջնորդի ընտրությանը», հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է սպանել այաթոլլա Խամենեիի ցանկացած իրավահաջորդին, որը կշարունակի նախկինի կուրսը։
Մոջթաբա Խամենեին Իրանի երրորդ գերագույն առաջնորդն է։ Իր ելույթում նախագահ Մասուդ Փեզեշքիանը նրա նշանակումն անվանել է «իսլամական ազգի ազգային միասնությունն ամրապնդելու ցանկության դրսևորում»։