Վերջին շրջանում տարբեր բրիֆինգներում լրագրողները անընդհատ խոսում են Գյումրի-2-ի մասին, և քանի որ մենք Գյումրիում ենք, ուզում եմ այդ հարցին ես անդրադառնամ և հստակ արձանագրել, թե ինչ է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3։ Ընդ որում, մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն։ 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դուրս է բերելու զարգացման, հարատև պետության օրակարգի ռելսերի վրա դնելու։ Բայց նաև Գյումրիում լինելու է Գյումրի-1։ Մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել։ Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել։ Եվ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած, Գյումրիում լինելու է Գյումրի-1»,-հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրություններում ժողովրդին պետք է ոչ թե պարզապես հաղթանակ, այլ պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն։
«Մեր նշաձողը 65 տոկոսն է այս ընտրություններում։ Բայց շատ մի հատ կարևոր արձանագրում ենք արել։ Շատ լավ է, որ երբ ժողովուրդը մեզ տալիս է այդ վստահությունը, բայց մենք երբեք ոչ մի վայրկյան չպետք է մեր զգոնությունը թուլացնենք։ Եվ մեզ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն մեր կուսակցական ընկերներին, այլև մեր ընտրողներին, մեր ժողովրդին։ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն։ Եվ այդ հեղափոխությունը անելու որոշում պետք է կայացնի մի մարդ, ընդամենը մի մարդ։ Եվ այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես (ցույց է տալիս ներկուսակցական քարոզարշավի ամփոփիչ հավաքի մասնակիցներին-խմբ)։
Եվ այդպես հազար, տասը հազար, հիսուն հազար, հարյուր հազար, հինգ հարյուր հազար, մի միլիոն մարդ պիտի գնա ընտրական տեղամաս և տեր կանգնի խաղաղությանը, տեր կանգնի անկախությանը, տեր կանգնի պետությանը և տեր կանգնի մեր նահատակների զոհողություններին։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա։