Մարտի 6-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը դիտարկվել են հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Այդ համատեքստում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025 թ․ նոյեմբերին Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության միջև համագործակցության հուշագրի դրույթների գործնական իրականացման կարևորությունը։
Դեսպան Ա․Ղևոնդյանի կողմից ներկայացվել են նաև կիսահաղորդիչների և արհեստական բանականության, դատակենտրոնի և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասով Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրած վերջին զարգացումները, որոնք կոչված են ամրագրել Հայաստանի վարկանիշը՝ որպես կարևոր տեխնոլոգիական հանգույցի։
Իր հերթին՝ Ղազախստանի փոխվարչապետ Ժ.Մադիևը տեղեկացրել է Աստանայում հիմնադրած արհեստական բանականության
Alem.ai միջազգային կենտրոնի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում մոտ ժամանակներս իր գործունեությունը կծավալի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։
Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է երկխոսությունը շարունակելու և հետագա շփումների շրջանակներում համագործակցության հստակ ուղղությունների մշակման մասով փոխադարձ պատրաստակամությունը: